Ռուսաստանի Դաշնության Կուրգան քաղաքի երաժշտական դպրոցում գործում է հայկական մշակույթի կենտրոն, որտեղ երեխաները սովորում են հայոց լեզու և գրականություն, պար:
«Հայոց պատմություն» առարկան նույնպես ընդգրկված է ծրագրում: Սակայն դպրոցն ունի մասնագետների պակաս. հայոց պատմությունը երեխաներին ուսուցանում են
դաշնամուրի ուսուցչուհին և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին` Սոնա Փարսադանյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՍՈՆԱ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆՆ ասաց, որ դպրոցը մեկօրյա է:
Սովորում են 8-ից մինչև անսահմանափակ տարիքի երեխաներ ու մեծահասակներ. «Խնդիրները շատ են: Գաղտնիք չէ, որ ռուսաստանաբնակ հայերի քանակը ավելանում է: Հայերը ռուսների հետ շատ արագ են ձուլվում, շատ են խառն ամուսնությունները, մանավանդ եթե մայրը ռուս է, երեխան խոսում է այն լեզվով, որ լեզվով խոսում է մայրը: Ավելի լուրջ խնդիր ունենք ծնողների հետ, քան երեխաների: Ծնողն ասում է` ինչի՞դ է պետք, ես որ գիտեմ հայերեն, ի՞նչ է տալիս ինձ: Սակայն ես ունեմ դասարան, որտեղ սովորում են հայր ու աղջիկ, մայր ու աղջիկ: Օրինակելի է: Վատի կողքին կա նաև լավը»:
«Մեկօրյա դասընթացը բավակա՞ն է, որ երեխաները կյանք մտնեն հայերենի իմացությամբ, կարողանան հայերեն կարդալ, գրել և խոսել»,- հետաքրքրվեցի: Սոնա Փարսադանյանն ասաց, որ հայախոս երեխային հայոց լեզու ուսուցանելը բարդ խնդիր չէ, դժվարություն է առաջանում, երբ կարիք է լինում հայոց լեզուն ուսուցանել իբրև օտար լեզու: ՈՒսուցչուհին կարևորում է կապը հայրենիքի հետ. «Եթե գոնե ամառային արձակուրդներն անցկացնում են Հայաստանում, հայրենասեր են մեծանում և ուզում են գալ հայկական դպրոց, սովորել հայերեն, ծանոթանալ հայ մշակույթին»:
«Հաճախ ծնողներն առաջնորդվում են հետևյալ մտածողությամբ, ասում են` ես լավ չեմ տիրապետում անգլերենին, դու անգլերեն սովորիր: Հայերենը մոռացության է մատնվում: Ծնողները պիտի հպարտ լինեն, որ հայ են և դա փոխանցեն երեխաներին»,- ասաց ՅՈՒՐՔՉՅԱՆ ԹԱՄԱՐԱՆ` ԱՄՆ-ի Տեխաս քաղաքից: Հայերն այստեղ քիչ են: Մեկօրյա ուսուցման դասընթացներ են անցկացվում քրիստոնյա արաբախոսների եկեղեցում: ՈՒսուցչուհին ասաց, որ հայ և արաբ երեխաները միասին և հայերեն, և արաբերեն են սովորում: Գործում է նաև պարի խումբ:
ԻՌՄԱՆ ՃԵՐԵՃՅԱՆԸ Լիբանանից է: Ազգային վարժարանի մանկապարտեզի տնօրենն է: Ասաց, որ Բեյրույթի հայ գաղութը հայերեն խոսելու խնդիր չունի: Մանկապարտեզները միացված են վարժարաններին ու մանկապարտեզից սկսած դասավանդում են հայերեն: Երկրորդական և երրորդական լեզու են անգլերենը և արաբերենը, կամ ֆրանսերենն ու արաբերենը։
Հայաստանի հետ համագործակցության մասին խոսելով, բանախոսներն ասացին, որ տրամադրվում է անվճար ցանկացած քանակի դասագիրք, Հայաստանում ուսուցիչները վերապատրաստվում են, ինչը շատ կարևոր է նաև շփման, փորձի փոխանակման առումով: Խնդրահարույց է արևմտահայերեն դասագրքերի բացակայությունը: Երեխաներն արևելահայերեն չեն հասկանում, ուսուցչի համար էլ հեշտ չէ ընկալելն ու դասը մատուցելը: Թիվ մեկ խնդիրը անհատի հայ լինելու գիտակցման մակարդակի բարձրացումն է:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ